ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԿԻՆՈԷԿՐԱՆԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏ` ՆԱՐԵԿԱՑՈՒ ԿՅԱՆՔՆ Է

ԿԻՆՈԷԿՐԱՆԻՆ  ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏ` ՆԱՐԵԿԱՑՈՒ  ԿՅԱՆՔՆ  Է
03.02.2012 | 00:00

Գրիգոր Նարեկացու կյանքին ու գործունեությանը նվիրված «Հովիվը» գեղարվեստական կինոնկարի ստեղծման գաղափարն ու կենսագործման խթանը Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել սրբազան Մինասյանն է եղել: Մերօրյա հոգևոր հովվի նախաձեռնության ուղեցույց աստղը դեռևս կենդանության օրոք հայ ժողովրդի կողմից սրբացված հանճարեղ աստվածաբան, բանաստեղծ, երգահան ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ կրոնական ամենախոշոր կենտրոնի` Վատիկանի հեռուստատեսությամբ քրիստոնյա աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելն է: Ռաֆայել սրբազանն ամենից առաջ մտահոգվել է կինոսցենարի լիարժեքությամբ և, առանց վարանելու, նախընտրել գյումրեցի դրամատուրգ Արթուր Էդարի աստվածահաճո գրիչը: Լավատեղյակ էր հայր Անտոն ծ. վրդ. Թոթոնջյանի հորդորով ու օրհնությամբ աստվածաշնչյան թեմաներով նրա հեղինակած տասնյակ պիեսներին ու բեմականացումներին: Բազմիցս հաղորդակցվել էր արդի հայ թատրոնի ու կինոյի մեծավաստակ գործիչներ Գրիգոր Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցներում Արթուր Էդարի ստացած դերասանական և բեմադրական կրթության տպավորիչ դրսևորումներին: Չէր մոռացվել 80-ականներին հանրապետական, միութենական ու միջազգային մրցանակներ շահած 8-րոպեանոց «Արգելված պտուղը»` Էդարի լավագույն կինոնովելը: Երկամյա մանրազնին պրպտումներով ու ստեղծագործական տառապանքով Էդարի ամբողջացրած ծավալուն կինոսցենարը հագուրդ է տալիս Ռաֆայել սրբազանի նկրտումներին` միս ու արյուն էր հաղորդվել Նարեկացու դասագրքային-արձանային նկարագրին: Այդուհանդերձ հարկադիր կրճատումներ են արվում, քանի որ անկարելի էր հետամտած նպատակին ֆիլմաշարով հասնելը: Պետերբուրգում մասնագիտացած կինոռեժիսոր Արտակ Ավդալյանը, համագործակցելով օպերատոր Կարեն Ստեփանյանի, նկարիչ Նաիրա Ասատրյանի և կոմպոզիտոր Արմեն Քարամյանի հետ, ճանաչված դերասան Արթուր Կարապետյանի գլխավոր դերակատարությամբ, ձեռնարկում է նկարահանումը: Առավել կենսական համոզչականություն ապահովելու մղումով «Հովիվի» նկարահանումների մի մասն իրականացվում է Արևմտյան Հայաստանում, Վանա լճի մերձափնյա Նարեկ գյուղի և նրա անունն անմահացրած մեծատաղանդ ու առաքինի հայորդու իրական աղոթատեղիի տարածքում: Ստեղծագործական խումբը, Նարեկացու տիեզերական մեծության հանդեպ խորին ակնածանքով ու ամենայն պատասխանատվությամբ, կինոնկարն ավարտին հասցնելուն պես հարկադրված է լինում հրաժարվելու ամբողջացրած աշխատանքի մի զգալի մասից` նախապես ներկայացված ժամանակային պահանջով ֆիլմի տևողությունը չպիտի գերազանցեր 1 ժամ 30 րոպեն, մինչդեռ ստացվել էր գրեթե կրկնապատիկը: Ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա փետրվարի 15-ին: Բնականաբար, ստեղծագործական խմբի նախաքննական զգացողություններն օրավուր սրվում են` արդյոք պահպանվե՞լ է իրենց կոլեկտիվ աշխատանքի գեղարվեստական ամբողջականությունը, արդյոք հայրենակից կինոդիտողներին կհարազատանա՞ իրենց «կենդանացրած» Գրիգոր Նարեկացին: Երկրորդ` իտալական «փորձությունն» էլ ակամա խորացնում է հույզերի հորձանքը. մինչ «Հովիվի» ցուցադրությունը Վատիկանի հեռուստատեսությամբ, «Մատյան ողբերգության» արդիաոճ թատերայնացմամբ Վահան Բադալյանի հեղինակած հայ-իտալական «Յոթ զգացողությունը» քանիցս խաղարկվել է Իտալիայում, գուցե թե որոշակի, թող որ չափազանց մոտավոր, պատկերացում ձևավորել Նարեկացու մասին: Մտահոգվելու հիմքերը, ավաղ, ծանրակշիռ են: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ փաստագրական հարուստ նյութ չլինելու պատճառով իրենք էլ ապավինել են առավելապես հոգևոր ժառանգությանն ու դրանց բազմաթիվ ուսումնասիրություններում առկա, հիմնականում թեական կցկտուր տեղեկատվությանը: Հայտնի չէ, թե ինչու հնարավոր չեղավ գեթ հայաստանցիների համար պահպանել 2 ժամ 40 րոպե տևողությամբ նախնական տարբերակը: Ամեն դեպքում` հազար ափսոս:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ